Մեկ մարմին՝ բազում անդամներով
12 Ինչպես որ մարմինը մեկ է և բազում անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, որ բազում են, մեկ մարմին են կազմում, այդպես է նաև Քրիստոսը, 13 որովհետև մենք ամենքս՝ հրեա թե հեթանոս, ծառա թե ազատ, մեկ Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար, և ամենքս էլ նույն Հոգուց խմեցինք։ 14 Քանի որ մարմինը մեկ անդամից չէ կազմված, այլ բազում անդամներից։ 15 Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ձեռք չեմ, այդ մարմնին չեմ պատկանում», չի դադարում այդ մարմնին պատկանելուց։ 16 Եթե ականջն ասի՝ «Քանի որ աչք չեմ, այդ մարմնին չեմ պատկանում», չի դադարում այդ մարմնին պատկանելուց։ 17 Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, որտե՞ղ կմնար ականջը, և եթե ամբողջ մարմինը ականջ լիներ, որտե՞ղ կմնար հոտոտելիքը։ 18 Բայց արդ, Աստված անդամները, նրանցից յուրաքանչյուրը, դրեց մարմնի մեջ այնպես, ինչպես ինքը կամեցավ։ 19 Իսկ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, որտե՞ղ կմնար մարմինը։ 20 Բայց արդ, անդամները բազում են, իսկ մարմինը՝ մեկ։ 21 Աչքը չի կարող ձեռքին ասել, թե՝ «Ինձ պետք չես», ոչ էլ գլուխը՝ ոտքերին, թե՝ «Ինձ պետք չեք»։ 22 Ընդհակառակը, մարմնի այն անդամները, որ ավելի տկար են թվում, ավելի կարևոր են։ 23 Այն անդամներին, որ ավելի անարգ են թվում, առավելագույն պատիվ ենք տալիս, և մեր ամոթույքն ավելի պարկեշտությամբ ենք ծածկում, 24 մինչդեռ մեր պարկեշտ անդամները դրա կարիքը չունեն։ Աստված կազմեց մարմինը և նվազ պատվավորին ավելի պատիվ տվեց, 25 որպեսզի մարմնի մեջ բաժանումներ չլինեն, այլ որպեսզի անդամները նույն հոգածությունն ունենան միմյանց նկատմամբ։ 26 Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։
Քրիստոսի խորհրդավոր մարմինը
27 Արդ, դուք Քրիստոսի մարմինն եք և անդամները՝ առանձնաբար։