5 Տերը Սողոմոնին երևաց գիշերվա քնի մեջ։ Տերն ասաց Սողոմոնին. «Որևէ բա՛ն խնդրիր քեզ համար»։ 6 Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հայր Դավթին, և նա քո առջև ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, և դու պահեցիր նրա համար այս մեծ ողորմությունը. նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ այսօր է։ 7 Արդ, Տե՛ր իմ Աստված, դու քո ծառային հաստատեցիր իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ մանուկ եմ և չգիտեմ իմ ելն ու մուտը։ 8 Քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիվ ու անհամար։ 9 Քո ծառային այնպիսի մի՛տք տուր, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը, որովհետև ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»։ 10 Տիրոջը հաճելի եղավ Սողոմոնի այս խնդրանքը, 11 և Տերն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, ոչ թե կյանքի երկար օրեր խնդրեցիր, հարստություն կամ քո թշնամիների մահը, այլ խնդրեցիր խելամտություն՝ դատ անելու, 12 ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպես որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, և ո՛չ էլ քեզնից հետո քո նմանը կհայտնվի։
Publicidade