Ուխտի տապանակը տաճարի մեջ է տեղադրվում
1 Այն ժամանակ Սողոմոն արքան Իսրայելի բոլոր ծերերին, Իսրայելի որդիների ցեղերի բոլոր առաջնորդներով հանդերձ, ժողովեց իր մոտ՝ Սիոնում, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը հանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ Իսրայելի բոլոր մարդիկ Սողոմոն արքայի մոտ հավաքվեցին 2 Անթանիմ, այսինքն՝ յոթերորդ ամսի տոնին։ 3 Երբ եկան Իսրայելի բոլոր ծերերը, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը և փոխադրեցին տաճար։ 4 Ղևտացիների օգնությամբ փոխադրեցին նաև Վկայության խորանը և Վկայության խորանի մեջ եղած ամբողջ սուրբ սպասքը։ 5 Սողոմոն արքան ու նրա մոտ հավաքված Իսրայելի ողջ ժողովուրդը գնում էին տապանակի առջևից և անթիվ-անհամար արջառ ու ոչխար էին զոհաբերում։ 6 Քահանաները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներսի մասը, իր տեղը՝ Սրբություն սրբոց, և տեղադրեցին քերովբեների թևերի ներքո։ 7 Քերովբեները թևերը տարածել էին տապանակի վրա, և նրանք վերևից ծածկում էին տապանակն ու դրա սրբությունները։ 8 Լծակները դուրս էին մնացել և դրանց գլուխները երևում էին սրբությունից, սրբարանի դիմաց, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մնում մինչև այսօր։ 9 Տապանակի մեջ ոչինչ չկար, բացի քարե երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից, որոնք Մովսեսն էր այնտեղ դրել Քորեբում, երբ Տերն ուխտ դրեց Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալուց հետո։
10 Երբ քահանաները ելան սրբարանից, մի ամպ լցրեց Տիրոջ տունը, 11 այնպես որ քահանաներն ամպի պատճառով չկարողացան սպասավորություն անել, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։