10 Նա վշտահար հոգով աղոթեց Տիրոջն ու դառնորեն լաց եղավ 11 և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։
12 Եվ երբ Տիրոջ առաջ նրա աղոթքը երկարեց, Հեղի քահանան հետևեց նրա շրթունքներին, և քանի որ 13 Աննան մտքում էր աղոթում, և շրթունքները չէին շարժվում, ձայնը լսելի չէր, բայց Տերը լսեց նրան, Հեղին կարծեց, թե նա հարբած է։ 14 Հեղիի սպասավորն Աննային ասաց. «Մինչև ե՞րբ ես հարբած վիճակում մնալու, սթափվի՛ր գինովությունից ու հեռացի՛ր Տիրոջ առջևից»։ 15 Պատասխան տալով՝ Աննան ասաց. «Ո՛չ, տե՛ր, այդպես չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Գինի չեմ խմել և հարբած չեմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջև։ 16 Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմության և իմ տխրության պատճառով եմ կանգնել մինչև այժմ»։ 17 Հեղին պատասխան տվեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և Իսրայելի Աստվածը թող կատարի իրենից հայցած քո բոլոր խնդրանքները»։ 18 Աննան ասաց. «Թող քո աղախինը շնորհ գտնի քո առաջ»։ Եվ կինը գնաց իր ճանապարհով, մտավ իր վրանը, կերավ և խոսեց իր ամուսնու հետ, և տխրությունը վերացավ նրա երեսից։