1 Աննան աղոթքի կանգնեց ու ասաց.
«Սիրտս ամրացավ Տիրոջ շնորհիվ,
իմ ուժն ավելացավ Տիրոջ շնորհիվ,
բերանս լայն բացվեց իմ թշնամիների վրա,
լցվեցի ուրախությամբ, քանի որ փրկեցիր ինձ։
2 Տիրոջ նման այլ սուրբ չկա,
ոչ էլ արդար՝ մեր Աստծու նման,
և քեզանից բացի սուրբ չկա։
3 Մի՛ պարծենաք ու մի՛ խոսեք ամբարտավանությամբ,
մեծախոսություն թող չլսվի ձեր բերանից,
քանի որ Տերը Աստվածն է, որ գիտի ամեն ինչ,
Աստվածը, որ նախապատրաստում է իր գործերը։
4 Հզորների աղեղները տկարացան,
իսկ տկարները զորություն ստացան։
5 Հացով կշտացածները զգացին նրա պակասը,
իսկ քաղցածները բնակվեցին երկրում,
ամուլը յոթ որդի ծնեց,
իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց։
6 Տերն է սպանում և ապրեցնում,
գերեզման իջեցնում և հարություն տալիս։
7 Տերն է աղքատացնում ու հարստացնում,
ստորացնում ու բարձրացնում։
8 Գետնից բարձրացնում է տնանկին,
աղքատին հանում աղբանոցից,
որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ
ու փառքի գահին բազմեցնի նրանց։
9 Տալիս է նրան, ով ուխտ է անում,
բազմացնում է արդարների տարիները։
Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։
10 Տերը տկարացնում է իր հակառակորդներին։
Տերը սուրբ է։
Ո՛չ իմաստունը թող պարծենա իր իմաստությամբ,
ո՛չ հզորն իր զորությամբ,
ո՛չ էլ մեծատունն իր հարստությամբ։
Պարծեցողը պետք է պարծենա նրանով,
որ իմանում ու ճանաչում է Տիրոջը,
և երկրում իրավունք և արդարություն է գործադրում։
Տերը երկինք ելավ ու որոտաց.
Նա է, որ արդար լինելով, դատելու է երկրի չորս ծագերը։
Մեր թագավորներին զորություն է տալու
և զորավիգ է լինելու իր օծյալին»։