Հեղիի որդիների չար ընթացքը, Սամուելը՝ մարգարե
12 Հեղի քահանայի որդիներն անզգամ էին և չէին երկյուղում Տիրոջից։ 13 Զոհ մատուցելիս ժողովրդից քահանայի հասը հետևյալն էր. միսը եփվելիս քահանայի սպասավորը եռաժանի պատառաքաղը ձեռքին պիտի գար, 14 այն մտցներ տաշտի, պղնձե մեծ կաթսայի կամ պտուկի մեջ, և մեծ պատառաքաղն ինչ որ հաներ այնտեղից, պետք է պատկաներ քահանային։ Բայց ահա թե ինչպես էին վարվում ողջ Իսրայելի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում՝ Տիրոջ տանը։ 15 Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասավորը և զոհ մատուցողին ասում. «Քահանային խորովելու մի՛ս տուր, և ես կաթսայում եփվող մսից չեմ առնի»։ 16 Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրվի, ինչպես օրենքն է, ապա վերցրո՛ւ այնքան, ինչքան սիրտդ ցանկանա»։ Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թե ոչ՝ բռնի կառնեմ»։ 17 Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ։