10 Այլազգիներն այդպես էլ արեցին։ Նրանք անդրանկածին երկու երինջ բերեցին, դրանք լծեցին սայլին, իսկ դրանց հորթերը պահեցին գոմում։ 11 Տիրոջ տապանակը դրեցին սայլի վրա, ինչպես նաև մկների ու իրենց հետույքների ոսկե քանդակները՝ քուրձե տոպրակի մեջ։ 12 Երինջները ուղղվեցին Բեթսամյուսի ճանապարհը. նրանք ուղիղ ընթանում էին մի շավիղով, առանց աջ ու ձախ խոտորվելու։ Այլազգիների նախարարները մինչև Բեթսամյուսի սահմանը գնում էին նրանց հետևից։ 13 Բեթսամյուսի բնակիչները հովիտներում ցորեն էին հնձում։ Իրենց աչքերը բարձրացնելով՝ նրանք տեսան Տիրոջ տապանակը և ուրախացած ընդառաջ գնացին նրան։ 14 Սայլը մտավ Բեթսամյուսում գտնվող Ովսիեի հանդը։ Սայլի կողքին մի մեծ քար կանգնեցրին, սայլի փայտերը կոտրեցին և երինջները Տիրոջը ողջակեզ մատուցեցին։ 15 Ղևտացիները վերցրին Տիրոջ տապանակը, քուրձե տոպրակն ու դրա միջի ոսկե անոթները և դրեցին մեծ քարի վրա։ Բեթսամյուսի այրերն այդ օրը Տիրոջը ողջակեզներ մատուցեցին ու զոհեր զոհեցին։
Publicidade