Եկեղեցական առաջնորդի արժանիքները
1 Հավաստի է այս խոսքը, թե ով եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում։ 2 Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ, 3 ո՛չ նախատող, ո՛չ կոպիտ, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ փողասեր, այլ այնպիսին, 4 որ իր սեփական տան համար լավ վերակացու լինի, զավակներ ունենա, որոնք ամենայն պարկեշտությամբ հնազանդ լինեն իրեն 5 (այլապես, եթե մեկն իր տանը վերակացու լինել չկարողանա, ինչպե՞ս կարող է Աստծու եկեղեցուն խնամակալ լինել), 6 ո՛չ նորադարձ, որպեսզի չգոռոզանա և դատապարտության մեջ ընկնի սատանայի նման։ 7 Այլ պետք է, որ բարի վկայություն ունենա նաև ոչ քրիստոնյաներից, որպեսզի նախատինքի առարկա չդառնա և սատանայի որոգայթների մեջ չընկնի։