Եղիսեեն օգնում է խեղճ որբևայրուն
1 Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։ 2 Եղիսեեն նրան ասաց. «Ի՞նչ անեմ քեզ։ Ասա՛ ինձ, թե ի՛նչ կա քո տանը»։ Նա ասաց. «Քո աղախնի տանը ոչինչ չկա, բացի ձիթայուղից, որով օծվում եմ»։ 3 Եղիսեեն ասաց. «Գնա՛ և քո բոլոր դրացիներից դատարկ ամաննե՛ր խնդրիր, և թող քիչ չլինեն։ 4 Ապա մտի՛ր տունդ, դռները փակի՛ր քո և քո որդիների վրա, իսկ քո ունեցած յուղը լցրո՛ւ բոլոր ամանների մեջ ու լցվածը մի կո՛ղմ դիր»։ 5 Նա հեռացավ նրա մոտից, դուռը փակեց իր և իր որդիների վրա։ Սրանք ամաններն էին մատուցում, իսկ նա լցնում էր, 6 մինչև որ բոլոր ամանները լցվեցին։ Նա ասաց իր որդիներին. «Մի աման և՛ս բերեք»։ Նրանք ասացին. «Այլևս աման չկա»։ Եվ յուղը դադարեց հոսելուց։ 7 Նա գնաց ու դա պատմեց Աստծու մարդուն։ Եղիսեեն ասաց. «Գնա յուղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, և դու ու քո որդիները մնացած յուղով ապրե՛ք»։