10 Եվ երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն կամեցանք առաջ գնալ դեպի Մակեդոնիա՝ հետևություն անելով, որ Տերը մեզ հրավիրեց՝ նրանց ավետարանելու։
Լիդիայի դարձը
11 Տրովադայից դուրս գալով՝ նավարկեցինք դեպի Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս՝ Նոր քաղաք. 12 այնտեղից էլ՝ Փիլիպպե, որը Մակեդոնիայի այդ գավառի առաջին գաղութ-քաղաքն էրՀռոմեական քաղաքները բաժանվում էին երկու հիմնական խմբի՝ municipia «ազատ քաղաք» և colonia «գաղութ-քաղաք»։։ Այստեղ մնացինք մի քանի օր։ 13 Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դեպի գետափ, որտեղ հրեաները սովոր էին աղոթք անելու։ Նստած խոսում էինք հավաքված կանանց հետ։ 14 Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թյուվատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն ինքն էր բացել՝ անսալու Պողոսի խոսքերին։ 15 Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։
Պողոսի և Շիղայի բանտարկությունը Փիլիպպեում
16 Եվ մինչ մենք աղոթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ ոգի էր բռնել. նա իր գուշակություններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս։ 17 Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհների մասին»։