Առաքյալների ազատումը հրաշագործությամբ
25 Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում և օրհնում էին Աստծուն, իսկ կալանավորները նրանց ականջ էին դնում։ 26 Եվ հանկարծակի մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքները քանդվեցին։ 27 Երբ բանտապետն արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, թե բանտարկյալները փախել են։ 28 Բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս էլ այստեղ ենք»։ 29 Բանտապետը լույս խնդրեց և ներս խուժելով՝ զարհուրած ընկավ Պողոսի ու Շիղայի առաջ. 30 Նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տյա՛րք, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ 31 Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, ու կփրկվեք դու և քո տունը»։ 32 Եվ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խոսքը։ 33 Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լվաց, և ինքն ու յուրայինները բոլորն էլ անմիջապես մկրտվեցին։ 34 Այնուհետև նրանց իր տունը բերելով՝ նրանց առաջ սեղան դրեց, և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։