Pular para o conteúdo
Publicidade

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2

Պետրոսի ճառը Հոգեգալստյան օրը

14 Պետրոսը, տասնմեկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը և ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և ամենքդ, որ Երուսաղեմում եք գտնվում, այս թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին. 15 սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ դեռ օրվա երրորդ ժամն է։ 16 Այլ այս է, որ ասվեց Հովել մարգարեի բերանով.

17 "Եվ վերջին օրերին պիտի լինի,- ասում է Աստված,-

որ իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա,

և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան.

ձեր երիտասարդները տեսիլներ

և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։

18 Եվ իմ ծառաների ու իմ աղախինների վրա

այն օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ,

և նրանք պիտի մարգարեանան։

19 Զարմանահրաշ գործեր պիտի ցույց տամ վերը՝ երկնքում,

և նշաններ ներքևում՝ երկրի վրա՝

արյուն և հուր և ծխի մրրիկ։

20 Արեգակը խավարի պիտի փոխակերպվի,

լուսինն էլ արյան պես կարմիր պիտի դառնա,

քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։

21 Եվ այնպես պիտի լինի,

որ Տիրոջ անունը կանչող ամեն ոք պիտի փրկվի"(Հվլ. 2.28-32)։

22 Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, նշաններով ու զարմանահրաշ գործերով, որոնք Աստված, ինչպես արդեն գիտեք, նրա միջոցով գործեց ձեր մեջ։ 23 Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան, 24 ում Աստված հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։ 25 Դավիթն ինքը Հիսուսի մասին ասում է.

"Տիրոջը սկզբից իսկ ամեն ժամ տեսնում էի իմ առաջ,

որովհետև իմ աջ կողմում էր, որպեսզի չսասանվեի.

26 դրա համար իմ սիրտն ուրախացավ,

լեզուս ցնծաց,

մարմինս էլ պիտի ապրի հույսով։

27 Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնելու

և ոչ էլ թույլ ես տալու, որ քո սրբի մարմինն ապականվի.

28 ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները,

քաղցրորեն լցրիր ինձ քո ներկայության ուրախությամբ"(Սաղ. 15(16).8-11)։

29 Ո՛վ եղբայրներ, Դավիթ նախահոր մասին պետք է վստահությամբ ասել ձեզ, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր. 30 բայց որովհետև նա մարգարե էր և գիտեր, որ Աստված նրան երդմամբ խոստացավ նրա որովայնի պտղից մեկին նստեցնել իր գահի վրա(Սաղ. 131(132).11, Բ Թագ. 7.12), 31 ուստի մարգարեաբար խոսեց Քրիստոսի հարության մասին, թե՝ "Նրա հոգին գերեզմանում չմնաց, և ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ"։

32 Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։ 33 Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ընդունեց Սուրբ Հոգին, որ նրան խոստացված էր, այն առատորեն բաշխեց մեզ, ինչպես դուք այժմ տեսնում ու լսում եք. 34 իսկ որ Դավիթը երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է.

"Տերն ասաց իմ Տիրոջը՝

նստի՛ր իմ աջ կողմում,

35 մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ իբրև պատվանդան"(Սաղ. 109(110).1)։

36 Արդ, Իսրայելի ամբողջ տունը վստահաբար թող իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք»։

Առաջին նորադարձները

37 Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին ու մյուս առաքյալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ 38 Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։ 39 Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։ 40 Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատե՛ք ձեզ այս խոտորյալ սերնդից»։ 41 Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também