22 Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը, 23 որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես, ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է։ 24 Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում թող հնազանդվեն իրենց ամուսիններին։ 25 Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, 26 որպեսզի սրբացնի նրան ավազանի լվացումով և խոսքով, 27 որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։ 28 Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, 29 որովհետև ոչ ոք երբեք իր մարմինը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես Քրիստոսն է սնում ու խնամում եկեղեցին, 30 որովհետև նրա մարմնի անդամներն ենք՝ նրա մարմնից և նրա ոսկորներից։ 31 «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և հետևի իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»(Ծնն. 2.24)։ 32 Մեծ է այս խորհուրդը, բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ։
33 Նույնը վերաբերում է ձեզնից ամեն մեկին, որ յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինը ակնածի իր մարդուց։