Առաջին Զատիկը
21 Մովսեսը կանչեց Իսրայելի որդիների ողջ ավագանուն ու նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար մի գա՛ռ առեք և մորթե՛ք զատկի համար։ 22 Վերցրե՛ք մի մշտիկ, դռան մոտ այն թաթախե՛ք արյան մեջ և դրանով նշա՛ն արեք դռան երկու սյուներին ու բարավորին։ Բայց ձեզնից ոչ ոք մինչև առավոտ իր տան դռնից թող դուրս չգա։ 23 Տերն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար։ Նա, տեսնելով դռան բարավորի և երկու սյուների վրայի արյունը, կանցնի այդ դռան մոտով և ոչնչացնողին թույլ չի տա մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ։