Ուխտի տապանակը
10 Չփտող փայտից պատրաստի՛ր Ուխտի տապանակը՝ երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ 11 Այն ներսից պատի՛ր մաքուր ոսկով, արտաքինից ոսկեզօծի՛ր և վերևի եզրին ալյակաձև ոսկե շրջանա՛կ արա։ 12 Չորս ոսկե օղակներ կձուլես և կամրացնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, երկու օղակները՝ մյուս կողմից։ 13 Չփտող փայտից բռնակներ կպատրաստես և դրանք կպատես ոսկով։ 14 Բռնակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացված օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն տապանակը։ 15 Բռնակները Ուխտի տապանակի օղակների մեջ թող անշարժ մնան։ 16 Տապանակի մեջ կդնես Վկայության այն տախտակները, որ ես պիտի տամ քեզ։
17 Տապանակի կափարիչը, որ կոչվելու է Քավություն, կպատրաստես մաքուր ոսկուց, երկուսուկես կանգուն երկարությամբ և մեկուկես կանգուն լայնությամբ։ 18 Քանդակված ոսկյա երկու քերովբեներ կպատրաստես և կդնես Քավության երկու ծայրերի վրա։ 19 Քերովբեներից մեկը թող լինի Քավության մի ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին։ Երկու քերովբեներ կանես դրա երկու ծայրերին. 20 թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն Քավության վրա։ Նրանց դեմքերը թող նայեն միմյանց, որպեսզի քերովբեների երեսները հայեն Քավությանը։ 21 Քավությունը կդնես տապանակի վրա՝ վերևի կողմից։ Տապանակի մեջ կդնես այն վկայությունները, որ ես պիտի տամ քեզ։