11 Մովսեսն աղաչեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՛ր, ինչո՞ւ ես այդպես խիստ զայրանում քո ժողովրդի վրա, որին քո մեծ զորությամբ ու հզոր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից։ 12 Այնպես չլինի, որ եգիպտացիները, որոնց միջից հանեցիր մեզ, ասեն. "Չար մտադրությամբ դուրս բերեց նրանց, որպեսզի լեռների վրա կոտորի և ջնջի նրանց երկրի երեսից"։ Մի՛ զայրացիր, հրաժարվի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց։ 13 Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որոնց քո անձով երդվեցիր, խոսեցիր նրանց հետ՝ ասելով. "Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը"։ Եվ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զավակներին, թող հավիտյան տիրեն դրան»։ 14 Եվ Տերը մեղմացավ ու նրանց չպատժեց։
Publicidade