23 Իսկ զինվորները Հիսուսին խաչը հանելուց հետո վերցրին նրա հագուստներն ու չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորի՝ մեկ մաս։ Պատմուճանն էլ վերցրին, բայց քանի որ այն առանց կարի էր՝ միակտոր, վերևից ներքև ամբողջովին հյուսած, 24 ուստի միմյանց ասացին. «Եկեք այն իզուր չպատռտենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի», որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է.
«Իմ հագուստներն իրար մեջ բաժանեցին
ու իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»(Սաղ. 21(22).19(18))։
Զինվորներն այս ամենն արեցին։
25 Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրն ու մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին։ 26 Երբ Հիսուսը տեսավ մորն ու նրան մոտ կանգնած սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ 27 Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից սկսած՝ աշակերտը նրան իր մոտ վերցրեց։