Հիսուսի երևումները
11 Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսն ու լաց էր լինում։ Մինչ արտասվում էր, կռացավ դեպի գերեզմանը 12 և սպիտակների մեջ երկու հրեշտակների տեսավ, որոնք նստել էին. մեկը՝ գլխի, իսկ մյուսը՝ ոտքերի մոտ, այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր եղել։ 13 Եվ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նա պատասխանեց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, և չգիտեմ՝ ո՛ւր են դրել»։ 14 Երբ այս ասաց, թիկունքի կողմը շրջվեց ու տեսավ կանգնած Հիսուսին, բայց չէր իմանում, որ Հիսուսն է։ 15 Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Մարիամին թվաց, թե պարտիզպանն է, և ասաց նրան. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպեսզի ես նրան վերցնեմ»։ 16 Հիսուսը նրան ասաց՝ Մարիա՛մ։ Նա էլ եբրայերեն դիմեց նրան ու ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանվում է «վարդապետ»)։ 17 Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։ 18 Մարիամ Մագդաղենացին եկավ ու աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը, և նա իրեն այս է ասել։