21 որովհետև, ինչպես որ Հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում, նույնպես և Որդին կենդանացնում է, ում կամենա։ 22 Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր Որդուն, 23 որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը։ Ով Որդուն չի պատվում, չի պատվում և Հորը՝ նրան ուղարկողին։ 24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։ 25 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, և ովքեր լսեն, կապրեն, 26 որովհետև, ինչպես Հայրը կյանքի աղբյուր է, նույնպես և Որդուն դարձրեց կյանքի աղբյուր։ 27 Եվ նրան իշխանություն տվեց դատաստան անելու, քանի որ Մարդու Որդին է։ 28 Մի՛ զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում կլինեն, կլսեն նրա ձայնը 29 և դուրս կգան. բարի գործեր կատարածները հարություն կառնեն կյանքի համար, իսկ չար գործեր արածները՝ դատաստանի համար։
30 Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ դատում եմ, ինչպես լսում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև ոչ թե իմ կամքն եմ փնտրում, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց»։
Վկայություն Հիսուսի մասին
31 «Եթե ես եմ վկայում իմ մասին, իմ վկայությունը հավաստի չէ։