Ի ծնե կույրի բժշկումը
1 Եվ մինչ անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։ 2 Նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛, մեղքն ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու մորը»։ 3 Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն։ 4 Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ 5 Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ»։ 6 Այս ասելով՝ թքեց գետնին, թքով ու փոշով կավ շինեց, կավը ծեփեց կույրի աչքերին 7 ու ասաց նրան. «Գնա՛ լվացվիր Սիլովամի ավազանում» (որ թարգմանվում է «ուղարկված»)։ Գնաց լվացվեց, եկավ և տեսնում էր։