Երիքովի գրավումը
1 Երիքովն ամուր փակված և ամրացված էր Իսրայելի որդիների պատճառով. ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից և ոչ ոք ներս չէր մտնում։ 2 Տերը Հեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մեջ գտնվող թագավորին և մարտիկներին։ 3 Դու բոլոր մարտիկներով շրջապատի՛ր քաղաքը սրբազան փողերով, և երբ լսեք եղջերափողի ձայնը և հնչեցնեք փողերը, շրջապատե՛ք քաղաքը և բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտո՛ւյտ տվեք մեկ անգամ։ Այսպես արե՛ք վեց օր։ 4 Տապանակի առջևից գնացող յոթ քահանա թող վերցնեն տոնական յոթնափող եղջերափողերը։ Յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտույտ տվե՛ք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը, 5 և առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնահատակ կկործանվեն, ամբողջ ժողովուրդը կմտնի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը»։
6 Նավեի որդի Հեսուն գնաց քահանաների մոտ և ասաց նրանց. «Վերցրե՛ք Ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ տոնական եղջերափողեր առած՝ թող գնան Տիրոջ տապանակի առջևից»։ 7 Նա ասաց նրանց. «Կարգադրե՛ք ժողովրդին, որ գնան, շրջապատեն քաղաքը։ Մարտիկներն էլ զինված թող գնան Տիրոջ տապանակի առջևից։