Անառակ որդու առակը
11 Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ. 12 նրանցից կրտսերը հորն ասաց. "Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը"։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ 13 Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ 14 Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա չքավոր դարձավ։ 15 Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, որը նրան ուղարկեց իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ 16 Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք չէր տալիս նրան։ 17 Ապա խելքի եկավ և ասաց. "Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ 18 Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ 19 և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատավորներից մեկը"։ 20 Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և դեռ բավական հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։ 21 Եվ որդին ասաց նրան. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու"։ 22 Հայրն իր ծառաներին ասաց. "Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ. 23 բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք և ուրախ լինենք, 24 որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց"։ Եվ սկսեցին ուրախանալ։ 25 Իսկ նրա ավագ որդին ագարակում էր։ Մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը։ 26 Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՛նչ է։ 27 Եվ սա ասաց նրան. "Քո հայրը մորթեց պարարտ եզ, քանի որ քո եղբայրը եկել է, ողջ-առողջ վերադարձել է"։ 28 Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։ 29 Որդին պատասխանեց և ասաց հորը. "Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ 30 Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար"։ 31 Հայրը նրան ասաց. "Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. 32 բայց պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց"»։