Աղքատ Ղազարոսի առակը
19 «Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում։ 20 Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վերքերով ծածկված։ 21 Եվ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից։ Եվ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը։ 22 Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց։ 23 Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգչելիս։ 24 Եվ նա աղաղակեց ու ասաց. "Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակվում եմ"։ 25 Եվ Աբրահամը նրան ասաց. "Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։ 26 Եվ այս բոլորից բացի, մեծ վիհ կա մեր և ձեր միջև. եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա. ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել"։ 27 Մեծահարուստն ասաց. "Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, 28 որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը"։ 29 Աբրահամն ասաց. "Նրանք ունեն Մովսեսին և մարգարեներին, թող նրա՛նց լսեն"։ 30 Եվ նա ասաց. "Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն"։ 31 Եվ Աբրահամը նրան ասաց. "Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն"»։