Հիսուսի մուտքը Երուսաղեմ
28 Եվ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղեմ ելնելու համար։ 29 Երբ մոտեցավ Բեթփագեին և Բեթանիային, այն լեռան մոտ, որ կոչվում է Ձիթենյաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին 30 և ասաց. «Գնացե՛ք մեր առջևում գտնվող այն գյուղը. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։ 31 Եվ եթե մեկը ձեզ հարցնի, թե ինչու եք արձակում, նրան այսպես կասեք. "Իր տիրոջն է պետք"»։ 32 Երբ գնացին նրանք, որ ուղարկվել էին, գտան այնպես, ինչպես ասել էր իրենց. ավանակն այնտեղ էր։ 33 Եվ մինչ ավանակն արձակում էին, նրա տերերն ասացին նրանց. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»։ 34 Աշակերտներն ասացին. «Իր տիրոջն է պետք»։ 35 Եվ այն բերեցին Հիսուսի մոտ. հանդերձներ գցեցին և Հիսուսին նստեցրին ավանակի վրա։ 36 Եվ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց հանդերձները փռում էին ճանապարհի վրա։ 37 Եվ երբ նա մոտեցավ Ձիթենյաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ և բարձրաձայն սկսեց փառաբանել Աստծուն՝ կատարված բոլոր հրաշագործությունների համար, որ տեսան։ 38 Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է թագավորը, որ գալիս է Տիրոջ կողմից(Սաղ. 117(118).26). խաղաղությո՜ւն երկնքում և փա՜ռք Բարձրյալին»։
39 Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»։ 40 Նա պատասխանեց և ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, քարերը կաղաղակեն»։