Պետրոսի ուրացումները
54 Եվ բռնելով նրան՝ տարան և մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրա հետևից։ 55 Երբ գավթի մեջ կրակ վառեցին և շուրջը նստեցին, Պետրոսն էլ նստեց նրանց մեջ։ 56 Մի աղախին տեսավ նրան՝ կրակի լույսի մոտ նստած, ուշադիր նայեց նրան ու ասաց. «Սա էլ նրանց հետ էր»։ 57 Բայց Պետրոսն ուրացավ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»։ 58 Եվ քիչ հետո մեկ ուրիշը տեսավ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»։ 59 Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը վիճում էր և ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլեացի է»։ 60 Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։ Եվ նույն պահին, մինչ նա այս էր ասում, աքաղաղը կանչեց։ 61 Տերը դարձավ և նայեց Պետրոսին. Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Աքաղաղը չկանչած՝ երեք անգամ կուրանաս, թե ինձ ճանաչում ես»։ 62 Եվ դուրս ելնելով՝ Պետրոսը դառնորեն լաց եղավ։