Հարյուրապետի հավատը
1 Երբ Հիսուսը վերջացրեց իր ողջ ասելիքը ժողովրդին, մտավ Կափառնաում։ 2 Այնտեղ մի հարյուրապետ կար, որի սիրելի ծառան ծանր հիվանդացել էր և մերձիմահ էր։ 3 Երբ լսեց Հիսուսի մասին, հրեաներից ավագներ ուղարկեց, որ աղաչեն նրան, որպեսզի գա և բժշկի իր ծառային։ 4 Եվ նրանք Հիսուսի մոտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան և ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5 որովհետև նա սիրում է մեր ազգը և ժողովարանը նա շինեց մեզ համար»։ 6 Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. 7 դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու. այլ՝ խոսքո՛վ ասա, և իմ ծառան կբժշկվի։ 8 Որովհետև ինքս էլ իշխանության ենթակա մարդ եմ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ "Գնա՛", և գնում է, իսկ մյուսին՝ "Արի՛", և գալիս է, և իմ ծառային՝ "Արա՛ այս բանը", և նա անում է»։ 9 Եվ երբ Հիսուսն այս լսեց, զարմացավ նրա վրա, դարձավ իրեն հետևող ժողովրդին և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա»։ 10 Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային արդեն բժշկված գտան։