27 Եվ երբ Հիսուսը ցամաք ելավ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մեջ դևեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել և ոչ էլ տան մեջ էր բնակվել, այլ գերեզմանների։ 28 Տեսնելով Հիսուսին՝ աղաղակեց, ընկավ նրա առաջ ու բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր». 29 որովհետև Հիսուսը պիղծ ոգուն այդ մարդուց դուրս գալու հրաման էր տվել։ Արդարև շատ վաղուց տիրել էր նրան։ Նրան կապում էին շղթաներով, պահում երկաթների մեջ, բայց կոտրում էր կապանքները և դևից քշվում անբնակ վայրեր։ 30 Հիսուսը հարցրեց նրան և ասաց. «Անունդ ի՞նչ է»։ Եվ նա ասաց. «Լեգեոն». որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել։ 31 Աղաչում էին Հիսուսին, որ իրենց անդունդներ գնալու հրաման չտա։ 32 Այնտեղ մեծ թվով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լեռան վրա։ Աղաչեցին նրան, որ հրաման տա իրենց՝ գնալ մտնել նրանց մեջ։ Թույլատրեց նրանց, 33 և դևերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մեջ. և երամակը գահավանդից ընկավ լիճն ու խեղդվեց։ 34 Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան և պատմեցին քաղաքում ու ագարակներում։ 35 Եվ երբ մարդիկ դուրս եկան կատարվածները տեսնելու և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, բայց որը հագնված և զգաստացած՝ նստած էր Հիսուսի ոտքերի մոտ, վախեցան։
Publicidade