Հայրոսի աղջկա հարությունը և տեռատես կնոջ բժշկումը
40 Երբ Հիսուսը վերադարձավ ծովի մյուս կողմը, ժողովուրդը նրան լավ ընդունեց, որովհետև ամենքը նրան էին սպասում։ 41 Եվ ահա եկավ Հայրոս անունով մի մարդ, որը ժողովրդապետ էր և որը, Հիսուսի ոտքերն ընկնելով, աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, 42 որովհետև նա մոտ տասներկու տարեկան միամորիկ մի դուստր ուներ, որ մահամերձ էր։
Եվ երբ Հիսուսը գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։ 43 Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ, իր ամբողջ ունեցվածքը դրա վրա էր ծախսել, բայց հնար չէր եղել որևէ բժշկություն գտնելու, 44 հետևից մոտեցավ ու դիպավ Հիսուսի զգեստի քղանցքին, և նույն ժամին նրա արյունահոսությունը դադարեց։ 45 Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ դիպավ ինձ»։ Եվ քանի որ բոլորն ուրանում էին, Պետրոսը և նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովո՛ւրդն է սեղմում ու նեղում քեզ»։ 46 Հիսուսն ասաց. «Մեկն ինձ դիպավ, որովհետև զգացի, որ ինձնից զորություն դուրս եկավ»։ 47 Երբ կինը տեսավ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկավ, ընկավ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջև պատմեց, թե ի՛նչ բանի համար դիպավ նրան և թե ինչպե՛ս իսկույն բժշկվեց։ 48 Եվ Հիսուսն ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։
49 Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ և Հայրոսին ասաց. «Աղջիկդ մեռավ, իզուր հոգնություն մի՛ պատճառիր վարդապետին»։ 50 Իսկ երբ Հիսուսը լսեց, նրան պատասխանեց և ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և նա կապրի»։ 51 Տուն մտավ, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և երեխայի հորից ու մորից։ 52 Ամենքը լալիս և ողբում էին երեխայի վրա։ Եվ նա ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ ննջում է»։ 53 Նրանք էլ ծաղրում էին նրան, որովհետև գիտեին, որ մեռած է։ 54 Եվ նա, ամենքին դուրս հանելով, բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»։ 55 Նրա հոգին վերադարձավ, և մանուկն իսկույն ոտքի կանգնեց։ Հիսուսը հրամայեց, որ նրան ուտելու բան տան։ 56 Մանկան ծնողները մնացին ապշած։ Նա պատվիրեց ոչ ոքի չասել, ինչ որ եղել էր։