Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը
35 Այդ նույն օրը՝ երեկոյան կողմ, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկե՛ք անցնենք լճի մյուս կողմը»։ 36 Աշակերտները թողեցին ժողովրդին և իրենց հետ վերցրին Հիսուսին ու մի նավակով հեռացան։ Նրանց ուղեկցում էին նաև այլ նավակներ։ 37 Եվ մեծ հողմամրրիկ բարձրացավ, ու ալիքները նավակի մեջ էր թափում, այն աստիճան որ նավակը գրեթե լցվում էր։ 38 Իսկ նա նավակի հետնամասում՝ բարձի վրա, ննջում էր։ Նրան արթնացրին և ասացին. «Վարդապե՛տ, քո հոգը չէ՞, որ ահա այստեղ կորչում ենք»։ 39 Արթնանալով՝ Հիսուսը սաստեց հողմին և ասաց լճին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Հողմը դադարեց, ու կատարյալ հանդարտություն եղավ։ 40 Ապա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպես վախկոտ. դեռևս հավատ չունե՞ք»։ 41 Իսկ նրանք սաստիկ վախեցան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ թե՛ հողմը, թե՛ լիճը հնազանդվում են նրան»։