Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը
30 Առաքյալները հավաքվեցին Հիսուսի մոտ և նրան պատմեցին այն ամենը, ինչ որ արել էին և ուսուցանել։ 31 Հիսուսը նրանց ասաց. «Դուք եկե՛ք առանձին մի ամայի տեղ ու փոքր-ինչ հանգստացե՛ք». որովհետև եկող-գնացողները շատ էին, և անգամ հաց ուտելու ժամանակ չունեին։ 32 Եվ նավակով առանձնացան մի ամայի տեղ։ 33 Մարդիկ տեսան նրանց գնալը, և շատերը ճանաչեցին նրանց։ Եվ բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ էին վազում և մոտենում նրանց։ 34 Հիսուսը, նավակից դուրս ելնելով, մի ահռելի բազմություն տեսավ և գթաց նրանց, որովհետև նման էին հովիվ չունեցող ոչխարների, և սկսեց շատ բաներ ուսուցանել նրանց։
35 Երբ բավական ժամանակ անցավ, աշակերտները, մոտենալով Հիսուսին, ասացին. «Սա ամայի վայր է, քանի դեռ օրը չի մթնել, 36 արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակայքի ագարակներն ու գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։ 37 Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Դո՛ւք նրանց տվեք, որ ուտեն»։ Հարցրին նրան. «Գնանք գնենք երկու հարյուր դահեկանի հաց և տանք նրանց, որ ուտե՞ն»։ 38 Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունեք, գնացեք տեսե՛ք»։ Երբ աշակերտներն իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ, նաև երկու ձուկ»։ 39 Հիսուսը հրամայեց ժողովրդին խումբ-խումբ նստեցնել դալար խոտի վրա։ 40 Եվ նրանք դաս-դաս նստեցին. տեղ-տեղ՝ հարյուր, տեղ-տեղ էլ՝ հիսուն։ 41 Ապա Հիսուսը, վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։ 42 Բոլորն էլ կերան և հագեցան։ 43 Տասներկու լի սակառ էլ կտորտանքներ հավաքեցին, ինչպես նաև՝ ձկներից։ 44 Նրանք, որ կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին։