Pular para o conteúdo
Publicidade

ՄԱՂԱՔԻԱ 3

1 «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,- 2 ո՞վ կհամբերի նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ կդիմանա նրա հայտնությանը, քանի որ նա կմտնի հնոցի բոցի պես և բաղնիքի օճառի նման։ 3 Եվ կնստի՝ սրբելու և ձուլելու արծաթի պես և ոսկու պես. կսրբացնի Ղևիի որդիներին և կհալեցնի նրանց ոսկու նման և արծաթի նման, և կլինի, որ արդարությամբ զոհեր կմատուցեն Տիրոջը։ 4 Հուդայի և Երուսաղեմի զոհաբերությունը հաճելի կլինի Տիրոջը հին օրերի նման և նախկին տարիների պես։ 5 Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։

Տասանորդի վճարումը

6 «Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և չեմ փոփոխվում։ Բայց դուք, Հակոբի՛ որդիներ, հեռու չմնացիք 7 ձեր հայրերի մեղքերից, խուսափեցիք իմ օրենքներից և չպահեցիք դրանք։ Դարձե՛ք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ,- ասում է Ամենակալ Տերը։ Սակայն ասացիք. "Ինչո՞վ դառնանք"։ 8 Արդյո՞ք մարդ Աստծուն կխաբի, որովհետև դուք խաբեցիք ինձ և ասացիք. "Ինչո՞վ խաբեցինք քեզ"։ Քանի որ տասանորդներն ու պտուղները ձեզ մոտ են, 9 և ամբողջությամբ նախանձում և խաբում եք ինձ։ Տարին ավարտվեց, 10 և ամբողջ բերքը ձեր շտեմարաններում հավաքեցիք, բայց ձեր տները կբռնազավթվեն. դարձե՛ք դրա համար,- ասում է Ամենակալ Տերը։ Մի՞թե չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և իմ օրհնությունը չեմ հեղի ձեզ վրա, մինչև բավարարվեք։ 11 Կպահպանեմ ձեր կերակուրները, չեմ ոչնչացնի ձեր երկրի բերքը, և ձեր որթատունկն այգում անպտուղ չի մնա,- ասում է Ամենակալ Տերը։ 12 Բոլոր ազգերը ձեզ երանի կտան, քանի որ դուք ինձ համար հաճելի երկիր կլինեք,- ասում է Ամենակալ Տերը»։

Աստված ներում է խոստանում

13 «Խստացրիք ձեր խոսքերն իմ դեմ,- ասում է Տերը,- բայց ասացիք՝ "Ինչո՞վ բամբասեցինք քո մասին"։ 14 Քանի որ ասում էիք՝ "Իզուր է այն ամենը, որ ծառայում է Աստծուն. ի՞նչն է ավելի, որ պահեցինք նրա պատվիրանները և պաղատանքներով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։ 15 Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին, և բարեշեն են բոլոր նրանք, որ անօրենություն են գործում և ընդդիմացան Աստծուն ու փրկվեցին"»։

16 Այսպես տրտնջացին Տիրոջից երկյուղածները, յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ։ Եվ անսաց Տերը, լսեց ու հիշատակի գիրք գրեց Տիրոջից երկյուղածների առաջ և նրանց համար, ովքեր սարսում են նրա անունից։ 17 «Եվ կլինեն ինձ համար,- ասում է Ամենակալ Տերը,- այն օրը, երբ ես փրկություն կբերեմ ու կփայփայեմ նրանց, ինչպես հայրն է փայփայում իրեն լավ ծառայած որդուն։ 18 Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։

Տիրոջ գալստյան օրը

19 «Ահա Տիրոջ օրը կգա բորբոքված հնոցի պես և կայրի նրանց, և բոլոր այլազգիներն ու բոլոր նրանք, որ անօրենություն են գործում, կդառնան եղեգ, և կայրվի նրանցով այն օրը, որ գալու է,- ասում է Ամենակալ Տերը,- և նրանց արմատն ու ճյուղը չեն մնա։ 20 Բայց ձեզ՝ իմ անունից երկյուղածներիդ համար կծագի արդարության Արեգակը, և բժշկություն՝ նրա թևերին. կելնեք ու կխայտաք կապից արձակված հորթերի պես։ 21 Եվ կկոխկռտեք անօրեններին, և մոխիր կդառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ ես կսահմանեմ,- ասում է Ամենակալ Տերը։ 22 Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում թեզբացի Եղիային, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու նշանավոր օրը, 23 որ պատրաստի հոր սիրտը որդու հանդեպ և մարդու սիրտը՝ իր ընկերոջ հանդեպ. գուցե գալով հարվածեմ երկիրը միանգամից։ 24 Հիշեցե՛ք իմ ծառա Մովսեսի օրենքները, ինչպես որ պատվիրեցի նրան Քորեբի վրա. բոլոր հրամաններն ու պատվիրանները»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também

Malaquias
Ver todos os capítulos de Malaquias