Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը
13 Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավակով ամայի մի տեղ առանձնացավ։ Երբ ժողովուրդը տեղեկացավ, քաղաքներից հետիոտն նրա հետևից գնաց։ 14 Հիսուսը, ցամաք ելնելով, տեսավ մի մեծ բազմություն, գթաց նրանց և բժշկեց նրանց հիվանդներին։
15 Երեկոյան կողմ աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս տեղն ամայի է, ժամանակն էլ ուշ է, արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն»։ 16 Հիսուսն ասաց. «Կարիք չկա, որ գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ 17 Նրանք Հիսուսին ասացին. «Այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ նկանակից ու երկու ձկից»։ 18 Նրանց ասաց. «Դրանք այստե՛ղ բերեք»։ 19 Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։ 20 Բոլորն էլ կերան ու հագեցան։ Եվ տասներկու լի սակառ մնացած կտորտանքներ հավաքեցին։ 21 Նրանք, ովքեր կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։