Քանանացի կնոջ հավատը
21 Այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի ու Սիդովնի կողմերը։ 22 Եվ ահա քանանացի մի կին, գալով այդ սահմաններից, սկսեց աղաղակել և ասել. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, դուստրս դաժանորեն դիվահարվում է»։ 23 Հիսուսը, սակայն, չպատասխանեց նրան։ Նրա աշակերտները մոտեցան և աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։ 24 Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ 25 Կինը մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։ 26 Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Լավ չէ մանուկների հացն առնել և շների առաջ գցել»։ 27 Եվ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։ 28 Այդժամ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Ո՛վ կին, մեծ է հավատդ, թող քո ուզածի պես լինի քեզ»։ Եվ այդ նույն ժամին նրա դուստրը բժշկվեց։