Մոգերի երկրպագությունը
1 Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ 2 և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ 3 Երբ Հերովդես արքան լսեց, խռովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ 4 Եվ ժողովելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին՝ հարցրեց նրանց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ 5 Նրանք պատասխանեցին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված.
6 "Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր,
բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ.
քեզնից մի իշխան կելնի ինձ համար,
ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին"(Միք. 5.1(5.2))»։
7 Այն ժամանակ Հերովդեսը գաղտնաբար կանչեց մոգերին և նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ 8 Ապա նրանց Բեթղեհեմ ուղարկեց՝ ասելով. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք մանկան մասին և երբ գտնեք մանկանը, իմա՛ց տվեք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան»։ 9 Նրանք թագավորին լսելուց հետո ճանապարհ ընկան։ Եվ ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ մանուկն էր։ 10 Աստղը տեսնելուն պես չափազանց մեծ ուրախություն ապրեցին։ 11 Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 12 Երազի մեջ Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով՝ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։