Մշակների առակը
1 «Արդարև, երկնքի արքայությունը նման է մի հարուստ մարդու, որ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։ 2 Մշակների հետ օրավարձը մեկ դահեկան սակարկելուց հետո նրանց իր այգին ուղարկեց։ 3 Երրորդ ժամին դուրս ելնելով՝ տեսավ ուրիշների, որոնք անգործ կանգնել էին հրապարակում։ 4 Նրանց էլ ասաց. "Դո՛ւք էլ գնացեք իմ այգին, և ինչ որ հարմար է, կվճարեմ ձեզ"։ 5 Նրանք ևս գնացին։ Ապա վեցերորդ ու իններորդ ժամերին դարձյալ դուրս եկավ և նույն բանն արեց։ 6 Տասնմեկերորդ ժամին դուրս գալով՝ գտավ ուրիշների, որոնք անգործ կանգնած էին։ Նրանց ասաց. "Ինչո՞ւ եք օրը ցերեկով անգործ կանգնել այստեղ"։ 7 Նրան ասացին. "Որովհետև մեզ ոչ ոք չվարձեց"։ Նրանց ասաց. "Դո՛ւք էլ գնացեք այգին, և ինչ որ հարմար է, կստանաք"։ 8 Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. "Կանչի՛ր մշակներին և տո՛ւր նրանց օրավարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները"։ 9 Նրանք, որ տասնմեկերորդ ժամին էին վարձված, մեկական դահեկան ստացան։ 10 Եկան նաև առաջին ժամի վարձվածները, որոնք կարծում էին, թե ավելին կստանան, բայց նրանք էլ մեկական դահեկան ստացան։ 11 Երբ օրավարձն ստացան, սկսեցին տրտնջալ տանտիրոջ դեմ 12 և ասել. "Վերջին ժամերի եկածները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրիր մեզ, որ օրվա ծանրությունն ու տոթը տարանք"։ 13 Նա պատասխանեց նրանցից մեկին և ասաց. "Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. մի՞թե ինձ հետ մեկ դահեկանի չսակարկեցիր. 14 վերցրո՛ւ քոնը և գնա՛. այս վերջիններին ուզում եմ տալ այնքան, որքան քեզ։ 15 Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ"։ 16 Այսպես էլ վերջիններն առաջին կլինեն, և առաջինները՝ վերջին, որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ»։