Հարության մասին
23 Նույն օրը Հիսուսին մոտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան 24 և ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. "Եթե մեկն անորդի մեռնի, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ ապահովի"(Բ Օր. 25.5)։ 25 Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ, ապա մեռավ, և որովհետև սերունդ չուներ, կնոջն իր եղբորը թողեց։ 26 Նմանապես և երկրորդը, երրորդը, մինչև յոթերորդը։ 27 Բոլորից հետո նաև կինը մեռավ։ 28 Արդ, հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան որպես կին ունեցան»։ 29 Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորյալնե՛ր, ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։ 30 Արդարև հարության ժամանակ ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում, այլ լինում են ինչպես հրեշտակները երկնքում։ 31 Բայց մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը. 32 "Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը"(Ելք 3.6)։ Ուրեմն Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի»։ 33 Երբ ժողովուրդը լսեց, զարմացավ նրա ուսուցման վրա։