Վերջին դատաստանը
31 «Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ 32 Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։ 33 Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ իր ձախ կողմում։ 34 Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. "Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, 35 որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք, 36 մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք"։ 37 Այդ ժամանակ արդարները կդիմեն նրան և կասեն. "Տե՛ր, քեզ ե՞րբ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք, 38 քեզ ե՞րբ օտարական տեսանք և հյուրընկալեցինք, կամ մերկ և հագցրինք, 39 քեզ ե՞րբ հիվանդ կամ բանտում տեսանք և այցելեցինք"։ 40 Թագավորը կպատասխանի և նրանց կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք"։
41 Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. "Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար, 42 որովհետև քաղցեցի, և ինձ չկերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր չտվեցիք, 43 օտարական էի, և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտում, և ինձ չայցելեցիք"։ 44 Այդ ժամանակ նրանք կպատասխանեն և կասեն. "Տե՛ր, քեզ ե՞րբ տեսանք քաղցած կամ ծարավ, կամ օտարական, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում և չծառայեցինք քեզ"։ 45 Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք"։
46 Նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»։