Pular para o conteúdo
Publicidade

ՄԱՏԹԵՈՍ 26

Դավ Հիսուսի դեմ

1 Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, իր աշակերտներին ասաց. 2 «Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին պիտի մատնվի խաչվելու համար»։

3 Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում 4 և խորհրդակցեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին և սպանեն։ 5 Բայց ասում էին. «Ո՛չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։

Հիսուսի օծումը Բեթանիայում

6 Երբ Հիսուսը եկավ Բեթանիա՝ բորոտ Սիմոնի տուն, 7 նրան մի կին մոտեցավ, որն իր հետ մի շիշ թանկարժեք յուղ ուներ։ Եվ մինչ նա սեղան էր նստած, յուղը թափեց նրա գլխին։ 8 Երբ աշակերտները տեսան, բարկացան և ասացին. «Ինչի՞ համար էր այդ յուղի վատնումը, 9 որովհետև այն կարելի էր մեծ գնով վաճառել և տալ աղքատներին»։ 10 Հիսուսն իմացավ այս և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք անհանգստացնում այդ կնոջը. նա ինձ համար մի բարի գործ կատարեց։ 11 Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ 12 Իմ մարմնի վրա այդ յուղը լցնելով՝ նա նշանով հայտնեց իմ թաղվելու մասին։ 13 Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում որտեղ էլ քարոզվի այս Ավետարանը, կպատմվի նաև այն, ինչ նա արեց, և այդպիսով նրան կհիշատակեն»։

Մատնության գինը

14 Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց քահանայապետների մոտ 15 և ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ դրամ վճարեցին նրան։ 16 Դրանից հետո Հուդան հարմար առիթ էր փնտրում, որ Հիսուսին նրանց մատներ։

Վերջին ընթրիքը

17 Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար պատրաստենք զատկական ընթրիքը»։ 18 Հիսուսն ասաց նրանց. «Գնացե՛ք քաղաք՝ այսինչ մարդու մոտ, և նրան ասե՛ք. "Վարդապետն ասում է. իմ ժամանակը մոտեցել է, իմ աշակերտների հետ քեզ մոտ եմ նշելու Զատիկը"»։ 19 Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը։

20 Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։ 21 Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ»։ 22 Աշակերտները խիստ տխրեցին, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել նրան. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»։ 23 Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։ 24 Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ 25 Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ «Դու ասացիր»,- պատասխանեց նրան։

Հաղորդության խորհրդի հաստատումը

26 Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։ 27 Ապա բաժակ վերցնելով՝ գոհացավ, տվեց նրանց՝ ասելով. «Խմե՛ք դրանից ամենքդ, 28 որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também