Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը
23 Երբ Հիսուսը նավակ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ 24 Եվ ահա ծովում այնքան ուժեղ ալեկոծություն բարձրացավ, որ նավակը գրեթե ծածկվեց ալիքներով։ Իսկ նա ննջում էր։ 25 Աշակերտները մոտեցան, արթնացրին նրան և ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, որովհետև կորչում ենք»։ 26 Հիսուսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և մեծ խաղաղություն տիրեց։ 27 Մարդիկ զարմացան և ասում էին. «Ինչպիսի՜ մեկն է սա, որ թե՛ հողմերը և թե՛ լիճն են հնազանդվում նրան»։