Երկու դիվահարի բժշկումը
28 Երբ լճի այն կողմը՝ գերգեսացիների երկիրն անցան, Հիսուսի դեմ ելան երկու դիվահար, որոնք դուրս էին եկել գերեզմաններից։ Նրանք այնքան կատաղի էին, որ ոչ ոք չէր կարողանում անցնել այդ ճանապարհով։ 29 Եվ ահա սրանք աղաղակեցին և ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծո, եկար, որ մեզ ժամանակից շուտ տանջե՞ս»։ 30 Նրանցից ավելի հեռու խոզերի մի երամակ էր արածում։ 31 Դևերն աղաչում էին նրան և ասում. «Եթե մեզ այստեղից հանում ես, թո՛ւյլ տուր՝ խոզերի երամակը գնանք»։ 32 Ասաց նրանց՝ գնացե՛ք։ Դևերը դուրս եկան գնացին խոզերի երամակը։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դեպի լիճը թափվեց, և խոզերը ջրում սատկեցին։ 33 Խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարներին պատահածը։ 34 Եվ ահա ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։