1 Երուսաղեմում Իսրայելի թագավոր Սողոմոնի՝ Դավթի որդու առակները՝ 2 ճանաչելու իմաստությունն ու խրատը, հասկանալու խոսքերը հանճարեղ, 3 ընկալելու խոսքի դարձվածքները, ուսանելու ճշմարիտ արդարությունը և ուղղվելու դեպի իրավունքը, 4 անուսումներին տալու խորագիտություն, երիտասարդներին՝ գիտելիք և կողմնորոշում։ 5 Քանզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի կիմաստնանա, կրթյալը կստանա կյանքի ուղեցույց։ 6 Սրանով մարդ կհասկանա իմաստունների խոսքերը՝ նրանց իմաստուն խոսքերը, նրանց առակները, նրանց այլաբանություններն ու հանելուկները։
Publicidade