10 Եթե առաքինի կին գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։ 11 Ամուսնու սիրտը վստահ է նրա վրա, և նա երբեք ավարի կարոտ չի լինի։ 12 Ողջ կյանքում գործակից է դառնում իր ամուսնուն բարիքի և ոչ թե չարիքի մեջ։
13 Բուրդ և կտավ գտնելով՝ պիտանի հանդերձներ է պատրաստում իր ձեռքերով։ 14 Եվ եղավ շահավետ նավի նման. հեռվից գանձեր է հավաքում։
15 Արթնանում արշալույսին, կերակուր է տալիս տնեցիներին և գործ՝ նաժիշտներին։ 16 Գեղեցիկ արտ տեսնելիս՝ գնում է այն և իր ձեռքի աշխատանքով մշակում է իր հողը։
17 Մեջքին պինդ գոտի կապած՝ բազուկները գործի մեջ է դնում 18 ու ճաշակում գործի քաղցրությունը, և ողջ գիշեր չի մարում նրա ճրագը։ 19 Ձեռքը օգուտին մեկնած՝ անձանձրույթ մատներով իլիկ է պտտում։
20 Ձեռքը բաց է աղքատներին, և բաժին է տալիս խեղճերին։ 21 Եթե ամուսինը ուշանա էլ, չի մտահոգվում տան համար, քանզի բոլորին, ովքեր նրա հետ են, կրկնակի հագուստ է հագցրել։
22 Ամուսնու համար բեհեզ և ծիրանի է գործել իսկ իր համար՝ ծածկոցներ։ 23 Երևելի է նրա ամուսինը դրսում, երբ նստում է ժողովրդի մեջ՝ երկրի բնակիչների ու ծերերի խորհրդի մեջ։
24 Կինը կտավ է պատրաստում և վաճառում և ծածկոցներ՝ քանանացիներին։ 25 Չափով և իմաստությամբ է բացում բերանը և սահման դնում իր լեզվին։
26 Ուժ և վայելչություն հագած՝ ուրախ պիտի լինի իր վերջին օրերին։ 27 Նրա տան ճանապարհները պարկեշտ են, և նա պարապության հաց չի կերել։
28 Նրա ողորմածությունները իր որդիներին ոտքի են կանգնեցնում և մեծարում։ Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով. 29 «Բազում դուստրեր հարստություն ստացան, շատերը սխրանք գործեցին, բայց դու գերազանց եղար և բոլորից անցար։
30 Կեղծ հաճություն և սին գեղեցկություն չկա քո մեջ»։ Քանզի իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղածներին, 31 դուք էլ պատի՛վ տվեք նրան նրա շուրթերի պտղից, և թող նրա ամուսինը գովվի դրսում. քանզի մարդու ճանապարհներն իր հայացքի առջև են ընթանում, և նա հաջողություն պիտի գտնի հավիտյանս հավիտենից։