Pular para o conteúdo
Publicidade

Arca da aliança

Por Bíblia Online

A Arca da Aliança era o símbolo mais sagrado de Israel — representava a presença de Deus no meio do seu povo. Sobre ela brilhava a glória do Senhor entre os querubins.

Ուխտի տապանակը

Չփտող փայտից պատրաստի՛ր Ուխտի տապանակը՝ երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ Այն ներսից պատի՛ր մաքուր ոսկով, արտաքինից ոսկեզօծի՛ր և վերևի եզրին ալյակաձև ոսկե շրջանա՛կ արա։ Չորս ոսկե օղակներ կձուլես և կամրացնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, երկու օղակները՝ մյուս կողմից։ Չփտող փայտից բռնակներ կպատրաստես և դրանք կպատես ոսկով։ Բռնակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացված օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն տապանակը։ Բռնակները Ուխտի տապանակի օղակների մեջ թող անշարժ մնան։ Տապանակի մեջ կդնես Վկայության այն տախտակները, որ ես պիտի տամ քեզ։

Տապանակի կափարիչը, որ կոչվելու է Քավություն, կպատրաստես մաքուր ոսկուց, երկուսուկես կանգուն երկարությամբ և մեկուկես կանգուն լայնությամբ։ Քանդակված ոսկյա երկու քերովբեներ կպատրաստես և կդնես Քավության երկու ծայրերի վրա։ Քերովբեներից մեկը թող լինի Քավության մի ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին։ Երկու քերովբեներ կանես դրա երկու ծայրերին. թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն Քավության վրա։ Նրանց դեմքերը թող նայեն միմյանց, որպեսզի քերովբեների երեսները հայեն Քավությանը։ Քավությունը կդնես տապանակի վրա՝ վերևի կողմից։ Տապանակի մեջ կդնես այն վկայությունները, որ ես պիտի տամ քեզ։

Ես քեզ կհայտնվեմ այնտեղ և քեզ հետ կխոսեմ Քավության վրայից՝ երկու քերովբեների մեջտեղից, որոնք Ուխտի տապանակի վրա են. ամեն անգամ, երբ ցանկանամ մի հրաման տալ Իսրայելի որդիներին»։

Ուխտի տապանակի պատրաստումը

Բեսելիելը տապանակը շինեց չփտող փայտից, երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ Այն ներսից ու դրսից պատեց ոսկով,

Վկայության խորանի կանգնեցումն ու օծումը

Տերն ասաց Մովսեսին. «Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես Վկայության խորանը, այնտեղ կդնես Ուխտի տապանակը և տապանակը կծածկես շղարշով։

Սեղանը դրեց Վկայության խորանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմից, խորանի վարագույրից դուրս։ Դրա վրա Տիրոջ առաջ դասավորեց Առաջավորության հացը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։

Երբ Մովսեսը մտավ Վկայության խորան՝ Տիրոջ հետ խոսելու, լսեց նրա ձայնը, որ խոսում էր իր հետ, որ գալիս էր Ուխտի տապանակի վրայի երկու քերովբեների միջև դրված Քավության վերևից։

Երբ մեկնեցին Տիրոջ լեռից, երեք օրվա ճանապարհ անցան։ Այդ երեք օրերի ընթացքում Տիրոջ Ուխտի տապանակը գնում էր առջևից՝ նրանց համար հանգստանալու տեղ գտնելու նպատակով։ Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, Տե՜ր, և թող ցանուցիր լինեն քո թշնամիները, թող փախուստի դիմեն բոլոր քեզ ատողները»։ Իսկ երբ տապանակը դադար էր առնում, ասում էր. «Դարձի՛ր, Տե՜ր, դեպի Իսրայելի հազարավոր ու բյուրավոր որդիները»։ Երբ բանակատեղիից մեկնում էին, ամպը ցերեկը հովանի էր լինում նրանց վրա։

Բուրվառները՝ սրբագործված

Եվ Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնի որդի Եղիազար քահանային. «Այրվածների միջից վերցրե՛ք պղնձե բուրվառները, բայց նրանց օտար կրակը թափե՛ք հեռու։ Այդ բուրվառները սրբագործվեցին մեղավորների անձերի գնով։ Այդ բուրվառները դրվագածո թիթեղների՛ վերածիր և դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետև դրանք մատուցվեցին Տիրոջ առջև և սրբագործվեցին։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան թող լինեն»։ Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերցրեց պղնձե բուրվառները, որոնք մատուցեցին հրո ճարակ դարձած այրերը, դրանցից զոհասեղանի համար թիթեղ պատրաստեց որպեսզի Իսրայելի որդիներին հիշեցնի, որ Ահարոնից չսերած որևէ օտար մարդ խունկ դնելու համար չմոտենա Տիրոջը, որպեսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան հարած ամբոխի հետ։ Այդ էր Տերը հայտնել Մովսեսի միջոցով։

Ահարոնը փրկում է ժողովրդին

Հետևյալ օրն Իսրայելի որդիները տրտնջացին Մովսեսի ու Ահարոնի դեմ՝ ասելով. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»։ Երբ ժողովուրդը համախմբվեց Մովսեսի ու Ահարոնի դեմ, նրանք դիմեցին դեպի Վկայության խորան։ Ամպն իսկույն ծածկեց խորանը, և երևաց Տիրոջ փառքը։ Մովսեսն ու Ահարոնը կանգնեցին Վկայության խորանի առջև։ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ ու ասաց. «Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին։ Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից վերցրած կրա՛կ դիր, դրա վրա խո՛ւնկ լցրու, շտապ տա՛ր բանակատեղի և քավությո՛ւն խնդրիր նրանց մեղքերի համար, որովհետև Տերը զայրացել է և սկսել է կոտորել ժողովրդին»։

Երբ ժողովուրդը հեռացավ իր վրաններից՝ Հորդանան գետն անցնելու համար, քահանաները տարան Տիրոջ Ուխտի տապանակը ողջ ժողովրդի առաջից։ Երբ Ուխտի տապանակը կրող քահանաները մտան Հորդանան գետը, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին Հորդանան գետի ջրերի մեջ (իսկ Հորդանան գետը գալիս էր ափեափ լցված, ինչպես ցորենի հնձի օրերին), վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։ Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջ՝ ցամաքի վրա։ Եվ Իսրայելի բոլոր որդիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը։

Երբ Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները դուրս եկան Հորդանան գետից և ոտք դրեցին ցամաքի վրա, Հորդանան գետի ջուրը հետ իր տեղը դարձավ և հոսեց իր ամբողջ հունով, ինչպես երեկ և նախորդ օրը։

Երիքովի գրավումը

Երիքովն ամուր փակված և ամրացված էր Իսրայելի որդիների պատճառով. ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից և ոչ ոք ներս չէր մտնում։ Տերը Հեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մեջ գտնվող թագավորին և մարտիկներին։ Դու բոլոր մարտիկներով շրջապատի՛ր քաղաքը սրբազան փողերով, և երբ լսեք եղջերափողի ձայնը և հնչեցնեք փողերը, շրջապատե՛ք քաղաքը և բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտո՛ւյտ տվեք մեկ անգամ։ Այսպես արե՛ք վեց օր։ Տապանակի առջևից գնացող յոթ քահանա թող վերցնեն տոնական յոթնափող եղջերափողերը։ Յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտույտ տվե՛ք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը, և առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնահատակ կկործանվեն, ամբողջ ժողովուրդը կմտնի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը»։

Նավեի որդի Հեսուն գնաց քահանաների մոտ և ասաց նրանց. «Վերցրե՛ք Ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ տոնական եղջերափողեր առած՝ թող գնան Տիրոջ տապանակի առջևից»։ Նա ասաց նրանց. «Կարգադրե՛ք ժողովրդին, որ գնան, շրջապատեն քաղաքը։ Մարտիկներն էլ զինված թող գնան Տիրոջ տապանակի առջևից։

Ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ և ուժգին աղաղակով, պարիսպն ընկավ շուրջանակի, և ժողովուրդը բարձրացավ մտավ քաղաք. ամեն մեկը գնում էր ուղիղ իր դիմացը. քաղաքը գրավեցին

Այլազգիները ճակատամարտ տվեցին Իսրայելի դեմ. մարտն սկսվեց, և Իսրայելը պարտվեց այլազգիներից։ Ռազմի դաշտում չորս հազար զինվոր ընկավ։ Երբ զորքը վերադարձավ բանակատեղի, Իսրայելի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տերն այսօր մեզ պարտության մատնեց այլազգիների առաջ։ Սելովից մեզ մոտ բերենք մեր Աստծու Ուխտի տապանակը, որ մեզ մոտ լինի ու մեզ փրկի մեր թշնամիների ձեռքից»։ Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբեների միջև նստած Զորությունների Տիրոջ Ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, Աստծու Ուխտի տապանակի հետ գնացին։ Երբ Տիրոջ Ուխտի տապանակը բանակատեղի բերվեց, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և երկիրը թնդաց։ Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»։ Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի։ Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստվածները եկել են բանակատեղի։ Փրկի՛ր մեզ այսօր, Տե՛ր։ Վա՜յ մեզ, քանի որ այսպիսի բան չկար երեկ ու նախորդ օրը։ Վա՜յ մեզ, մեզ ո՞վ կփրկի այդ հզոր աստվածների ձեռքից։ Սրանք այն աստվածներն են, որ Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին նաև ամբողջ անապատում։ Գոտեպնդվե՛ք և տղամա՛րդ եղեք, ո՛վ այլազգիներ, չլինի թե ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպես որ նրանք ստրուկ եղան ձեզ։ Տղամա՛րդ եղեք և պատերազմե՛ք նրանց դեմ»։ Այլազգիները պատերազմեցին նրանց դեմ, և Իսրայելի այրերը փախան դեպի իրենց վրանները։ Շատ մեծ կոտորած եղավ, և իսրայելացիներից երեսուն հազար հետևակ ընկավ։ Աստծու տապանակը գերեվարվեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, սպանվեցին։

Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ Ազովտոսի վրա. թութքով հիվանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տվեց մկներին, և քաղաքում մահ ու խառնակություն եղավ։ Այս դեպքը տեսնելով՝ Ազովտոսի բնակիչներն ասացին. «Աստծու տապանակը թող չմնա մեզ մոտ, քանի որ Նրա ձեռքը բարձրացավ մեր և մեր աստծու՝ Դագովնի վրա»։ Նրանք մարդ ուղարկեցին և այլազգիների բոլոր իշխաններին իրենց մոտ հավաքելով՝ ասացին. «Իսրայելի Աստծու տապանակն ի՞նչ անենք»։ Գեթացիներն ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը թող մեզ մոտ փոխադրվի»։ Եվ Աստծու տապանակը փոխադրվեց Գեթ։ Երբ տապանակն այնտեղ փոխադրվեց, Տիրոջ ձեռքը բարձրացավ այդ քաղաքի վրա. շատ մեծ խռովություն բարձրացավ, Տերը քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծերը, չարչարեց, նրանց հարվածեց թութքով, և գեթացիները թութքով տառապեցին։

Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտավ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. «Իսրայելի Աստծու տապանակն ինչո՞ւ մեզ մոտ բերեցիք, որ մեզ և մեր ժողովրդին սպանեք»։ Մարդ ուղարկեցին, հավաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը հե՛տ ուղարկեք, թող մնա իր տեղում, որ մեզ ու մեր ժողովրդին չկոտորի»։ Մի մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքն այն բանից հետո, երբ Իսրայելի Աստծու տապանակը այնտեղ էր մտել։

Տապանակի վերադարձը

Աստծու տապանակը յոթ ամիս այլազգիների երկրում էր, և նրանց երկիրը մկներով լցվեց։ Այլազգիները կանչեցին իրենց քրմերին, գուշակներին և իմաստուններին ու ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը, ասացե՛ք մեզ, թե այն ինչպե՛ս հետ ուղարկենք»։ Նրանք ասացին. «Եթե Տիրոջ՝ Իսրայելի Աստծու Ուխտի տապանակը հետ ուղարկեք, այն սոսկ մի՛ ուղարկեք, այլ պատուհասի վերացման ընծայով, և կբուժվեք, ու կներվեն ձեր մեղքերը, այլապես նրա ձեռքը գուցե չվերանա ձեզանից»։

Այլազգիներն այդպես էլ արեցին։ Նրանք անդրանկածին երկու երինջ բերեցին, դրանք լծեցին սայլին, իսկ դրանց հորթերը պահեցին գոմում։ Տիրոջ տապանակը դրեցին սայլի վրա, ինչպես նաև մկների ու իրենց հետույքների ոսկե քանդակները՝ քուրձե տոպրակի մեջ։ Երինջները ուղղվեցին Բեթսամյուսի ճանապարհը. նրանք ուղիղ ընթանում էին մի շավիղով, առանց աջ ու ձախ խոտորվելու։ Այլազգիների նախարարները մինչև Բեթսամյուսի սահմանը գնում էին նրանց հետևից։ Բեթսամյուսի բնակիչները հովիտներում ցորեն էին հնձում։ Իրենց աչքերը բարձրացնելով՝ նրանք տեսան Տիրոջ տապանակը և ուրախացած ընդառաջ գնացին նրան։ Սայլը մտավ Բեթսամյուսում գտնվող Ովսիեի հանդը։ Սայլի կողքին մի մեծ քար կանգնեցրին, սայլի փայտերը կոտրեցին և երինջները Տիրոջը ողջակեզ մատուցեցին։ Ղևտացիները վերցրին Տիրոջ տապանակը, քուրձե տոպրակն ու դրա միջի ոսկե անոթները և դրեցին մեծ քարի վրա։ Բեթսամյուսի այրերն այդ օրը Տիրոջը ողջակեզներ մատուցեցին ու զոհեր զոհեցին։

Կարիաթ-Յարիմի այրերը եկան, այնտեղից վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և տարան Ամինադաբի տունը, որը մի բլրի վրա էր։ Եվ նրա որդի Եղիազարին մաքրագործեցին, որ պահպանի Տիրոջ Ուխտի տապանակը։

Սամուելն ստանձնում է Իսրայելի որդիների ղեկավարումը

Տապանակը Կարիաթ-Յարիմում դնելուց հետո բազում օրեր անցան, քսան տարի, և ամբողջ Իսրայելն իր հայացքը ուղղեց դեպի Տերը։

Այդ մասին հայտնեցին Դավթին՝ ասելով. «Տերն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամեն ինչը»։ Դավիթը գնաց, Տիրոջ տապանակը հանեց Աբեդդարի տնից և ուրախությամբ բերեց Դավթի քաղաքը։ Տապանակը տանողների հետ գնում էին պարողների յոթ խմբեր, զվարակ ու գառներ էին զոհ մատուցում։ Դավիթը Տիրոջ առաջ տավիղ էր նվագում։ Նա պատմուճան էր հագել։ Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Տիրոջ տապանակը հանեցին՝ ուրախության աղաղակ արձակելով ու փող հնչեցնելով։

Ուխտի տապանակը տաճարի մեջ է տեղադրվում

Այն ժամանակ Սողոմոն արքան Իսրայելի բոլոր ծերերին, Իսրայելի որդիների ցեղերի բոլոր առաջնորդներով հանդերձ, ժողովեց իր մոտ՝ Սիոնում, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը հանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ Իսրայելի բոլոր մարդիկ Սողոմոն արքայի մոտ հավաքվեցին Անթանիմ, այսինքն՝ յոթերորդ ամսի տոնին։ Երբ եկան Իսրայելի բոլոր ծերերը, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը և փոխադրեցին տաճար։ Ղևտացիների օգնությամբ փոխադրեցին նաև Վկայության խորանը և Վկայության խորանի մեջ եղած ամբողջ սուրբ սպասքը։ Սողոմոն արքան ու նրա մոտ հավաքված Իսրայելի ողջ ժողովուրդը գնում էին տապանակի առջևից և անթիվ-անհամար արջառ ու ոչխար էին զոհաբերում։ Քահանաները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներսի մասը, իր տեղը՝ Սրբություն սրբոց, և տեղադրեցին քերովբեների թևերի ներքո։ Քերովբեները թևերը տարածել էին տապանակի վրա, և նրանք վերևից ծածկում էին տապանակն ու դրա սրբությունները։ Լծակները դուրս էին մնացել և դրանց գլուխները երևում էին սրբությունից, սրբարանի դիմաց, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մնում մինչև այսօր։ Տապանակի մեջ ոչինչ չկար, բացի քարե երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից, որոնք Մովսեսն էր այնտեղ դրել Քորեբում, երբ Տերն ուխտ դրեց Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալուց հետո։

Երբ քահանաները ելան սրբարանից, մի ամպ լցրեց Տիրոջ տունը, այնպես որ քահանաներն ամպի պատճառով չկարողացան սպասավորություն անել, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։

Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։

Իմ սրտին հաճելի հովիվներ կտամ ձեզ. թող նրանք հովվեն ձեզ՝ հովվելով իմաստությամբ։

Ու երբ երկրի վրա այն օրերին դուք բազմանաք ու աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասելու՝ "Իսրայելի Սուրբի Ուխտի տապանակը". չի հիշվելու այն, նրա անունն այնտեղ չի տրվելու, այլևս չի փնտրվելու այն և նորը չի շինվելու։

Երկրային և երկնային պաշտամունք

Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան. քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը. այս մասը կոչվում է Սրբություն։ Եվ երկրորդ վարագույրի հետևում էր այն խորանը, որ կոչվում էր Սրբություն սրբոց, որտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած Ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։ Նրա վրա կանգնած էին փառքի քերովբեները, որ հովանի էին անում քավության սեղանի վրա։ Դրանց մասին այժմ մեկ առ մեկ խոսելու կարիք չկա։

Եվ երկնքում բացվեց Աստծու տաճարը, երևաց Աստծու Ուխտի տապանակն իր տաճարում. և եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և ուժեղ կարկուտ։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.