1 Տիրոջ խոսքը, որ եղավ Երիի որդի Ովսեեին Հուդայի թագավորներ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝ Հովասի որդու ժամանակ։
Ովսեեի կինն ու զավակները
2 Տիրոջ խոսքերի սկիզբը՝ Ովսեեին։ Տերն ասաց Ովսեեին.
«Գնա՛, դու քեզ համար պոռնկացող կին
և պոռնկության որդինե՛ր առ,
որովհետև երկիրը պոռնկանալով հեռանալու է Տիրոջից»։
3 Եվ գնաց առավ Գոմերին՝ Դաբելայիմի դստերը. և հղիացավ ու նրան որդի ծնեց։ 4 Եվ Տերն ասաց նրան.
«Նրա անունը դի՛ր Հեզրայել,
որովհետև մի փոքր ևս,
կպահանջեմ Հեզրայելի արյունը Հեուի տնից
և կդադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։
5 Այն օրը կփշրեմ Իսրայելի աղեղը Հեզրայելի հովտում»։
6 Կրկին հղիացավ և դուստր ծնեց։ Եվ Տերն ասաց նրան.
«Նրա անունը դի՛ր "Ողորմություն չգտած" [𝕸 Լո-Ռուխամա],
որովհետև այլևս չեմ ողորմի Իսրայելի տանը,
այլ կընդդիմանամ նրանց հակառակությամբ։
7 Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ
և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով,
բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի,
ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի
և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։
8 Ողորմություն չգտածին կտրեց կրծքից։ Դարձյալ հղիացավ ու որդի ծնեց։
9 Եվ ասաց.
«Նրա անունը դի՛ր "Ոչ իմ ժողովուրդ" [𝕸 Լո-Ամմի],
քանի որ դուք իմ ժողովուրդը չեք,
ես էլ ձեր ոչ մի բանը չեմ»։