8 Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։
9 Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։
10 Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։
Նոր երկինք, նոր երկիր
11 Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք. սուրբ վարմունքով և աստվածապաշտ ընթացքով՝ 12 սպասելով և ջանալով հասնել Տիրոջ օրվա գալստյան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և բնության տարրերը հրկիզվելով պիտի հալվեն։
13 Մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։