10 Դավիթը չուզեց Տիրոջ Ուխտի տապանակը տանել իր մոտ՝ Դավթի քաղաքը, և Դավիթը, շեղելով ճանապարհը, այն տարավ գեթացի Աբեդդարի տունը։ 11 Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբեդդարի տանը։ Տերն օրհնեց Աբեդդարին ու նրա ամբողջ տունը։
12 Այդ մասին հայտնեցին Դավթին՝ ասելով. «Տերն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամեն ինչը»։ Դավիթը գնաց, Տիրոջ տապանակը հանեց Աբեդդարի տնից և ուրախությամբ բերեց Դավթի քաղաքը։