Սպիտակ ձիավորը
11 Տեսա երկինքը բացված. և ահա մի սպիտակ ձի, որի հեծյալը կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ 12 Նրա աչքերը նման էին կրակի բոցի, և նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որն իրենից բացի ոչ ոք չգիտի։ 13 Եվ իր վրա գցել էր արյունով ներկված մի զգեստ. նրա անունն էր Բանն Աստծու։ 14 Եվ երկնքի զորավարներն ու երկնքի զորքերը, ձիեր հեծած և մաքուր ու սպիտակ բեհեզներ հագած, գնում էին նրա հետևից։ 15 Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Եվ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասումնալի բարկության գինու հնձանը։ 16 Եվ իր պատմուճանի և ազդրի վրա կար գրված մի գրություն՝ «Թագավոր թագավորների և Տեր տերերի»։
17 Տեսա նաև մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վրա։ Նա աղաղակեց բարձր ձայնով՝ երկնքի մեջ թռչող բոլոր թռչուններին ասելով. «Եկե՛ք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին, 18 որպեսզի ուտեք թագավորների, հզորների և երիվարների ու նրանց վրա նստած հեծյալների, ազատների ու ծառաների, մեծի և փոքրի մարմինները»։
19 Տեսա գազանին, երկրի թագավորներին և նրանց զորքերին՝ հավաքված՝ պատերազմ մղելու սպիտակ ձիու հեծյալի և նրա զորքի դեմ։ 20 Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։ 21 Մնացածները մեռան ձիու վրա հեծնողի սրից, որ ելնում էր նրա բերանից։ Եվ բոլոր թռչունները հագեցան նրանց մարմիններից։