Կենդանի ջրի գետը և կենաց ծառը
1 Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով, 2 իսկ գետի եզերքին՝ երկու ափերին, կար կենաց ծառը, որ տասներկու պտուղ էր տալիս. ամսեամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևն ազգերի բուժման համար էր։
3 Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու և նրա Գառան գահը նրա մեջ է լինելու, իսկ նրա ծառաները պաշտելու են նրան. 4 նրանք դեմքով պիտի ճանաչեն նրան, և նրա անունը գրված պիտի լինի նրանց ճակատներին։ 5 Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։