Ի ծնե կաղի բժշկումը
1 Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում իններորդ ժամի աղոթքի համար։ 2 Մորից կաղ ծնված մի մարդ կար, որին միշտ բերում-դնում էին տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։ 3 Տաճար մտնող Պետրոսին և Հովհաննեսին տեսնելով՝ սկսեց աղաչել՝ ողորմություն ստանալու համար։ 4 Պետրոսը Հովհաննեսի հետ նրան դարձավ ու ասաց. «Մե՛զ նայիր»։ 5 Նա նրանց դարձավ՝ ակնկալելով նրանցից մի բան ստանալ։ 6 Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի՝ վե՛ր կաց և քայլի՛ր»։ 7 Եվ նրա աջ ձեռքից բռնելով՝ վեր կացրեց նրան, և նրա ազդրերն ու սրունքներն անմիջապես ամրացան։ 8 Վեր ցատկեց, սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ. քայլում էր, վազվզում և օրհնում Աստծուն։ 9 Ամբողջ ժողովուրդը տեսավ, որ նա քայլում և օրհնում էր Աստծուն։ 10 Գիտեին նրան, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մոտ՝ ողորմություն ստանալու համար, և նշանի վրա, որ կատարվեց, զարմանքով լցվեցին։