Նոյը և ջրհեղեղը
1 Երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա, և նրանց դուստրեր ծնվեցին, 2 Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։ 3 Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։ 4 Այդ օրերին երկրի վրա հսկաներ էին ապրում։ Ամեն անգամ, երբ Աստծու որդիները մերձենում էին մարդկանց դուստրերին, որդիներ էին ծնում նրանց համար։ Դրանք հսկաներ էին, հին աշխարհի անվանի մարդիկ։
5 Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում, 6 զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և մտահոգվեց։ 7 Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Վերացնելու եմ ամեն մի մարմին, որին ստեղծեցի, երկրի երեսից ջնջելու եմ ամեն ինչ՝ մարդուց մինչև անասունները, սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացի, որ ստեղծեցի նրանց»։ 8 Բայց Նոյն արժանացել էր Տիրոջ՝ Աստծու շնորհին։
9 ՍԱ Է ՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ և ապրում էր աստվածահաճո կյանքով։